Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
02 Մայիսի 2024, 10:25
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ մարդկանց կոչ անելով ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։