Կոչերն ու նամակները դրական արդյունք չեն տվել, տեղեկատվական հիմք են ապահովել. Չեխիայի հայ համայնքը` հանուն Արցախի
19 Օգոստոսի 2023, 00:00
Չեխիայի հայ համայնքը նամակներ է հղել այդ երկրի բարձրագույն մարմինների ղեկավարներին՝ կոչ անելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ու ճանաչել Արցախի անկախությունը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։
«Այս ընթացքում համայնքային կառույցների անուններից նամակներ ենք հղել Չեխիայի բոլոր ղեկավար մարմիններին՝ նախագահին, վարչապետին, խորհրդարանի երկու պալատների նախագահներին, ԱԳ նախարարին ու կոչ արել` ոչ միայն աջակցել, որպեսզի ապաշրջափակվի Արցախը, այլև առաջակել ենք Եվրամիության մասշտաբով պատժամիջոցներ կրրառել Ադրբեջանի նկատմամբ ու ճանաչել Արցախի անկախությունը։
Այսպիսի նամակներ ենք ուղարկել Եմ ղեկավարներին, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ»,- ասել է Հակոբ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ո՛չ նամակները, ո՛չ կոչերը դրական որևէ արդյունք չեն տվել, բայց տեղեկատվական հող են պատրաստել եվրոպացիների համար․
«Անցած 8 ամիսները ցույց են տալիս՝ կոչերն ու նամակները որևէ դրական արդյունք չեն տվել, բայց դրանք որոշակի տեղեկատվական հիմք են ստեղծել, ճնշում են եղել տվյալ կառույցների ու քաղաքական գործիչների վրա, որպեսզի նրանք զգան, որ Եվրոպան անմասն չէ այն ցավերին, որոնք այսօր ապրում է Արցախի ժողովուրդը։
Առաջիկայում որոշակի ակցիաներ, նույնպես, կլինեն։ համաեվրոպական մասշտաբով Բրյուսելում պետք է լինեն ակցիաներ»,- եզրափակել է Հակոբ Ասատրյանը։