Կոչված ենք վերադարձնել տղաների հաղթանակն ու հայրենիքը․ Բագրատ Սրբազան

09 Նոյեմբերի 2024, 21:24

Քաղաքականություն

Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը: Այս մասին այսօր հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Եռաբլուրում։

Նշենք, որ այս օրը՝ 4 տարի առաջ է ստորագրվել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը։

«Եվս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նվաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը դավաճանական և թշնամական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։

Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը՝ հանձնման, ստորացման ու նվաստացման ստորագրությունը, որով հպարտանում են այսօրվա դեռևս իշխանավորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաները, միևնույն ժամանակ՝ վտանգված ու գրավված տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից, ունենք գողացված ուրախություն, գողացված պատիվ։

Եռաբլուրում տղաների շիրիմների առջև գլխիկոր ենք կանգնած, բայց կոչված ենք նրանց վերադարձնել իրենց հաղթանակն ու հայրենիքը»,- ասել է Բագրատ Սրբազանը։