Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի մոնոօպերաները «Գրեմմի»-ի կարևոր անվանակարգերից մեկի երկար ցուցակում են

03 Հոկտեմբերի 2025, 12:36

Հայեր | Մշակույթ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Reflections և Dialogue մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով հոկտեմբերի 2-ին կազմակերպված միջոցառմանը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն ասաց, որ ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում և հասանելի են աշխարհի ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Նա հիշեցրեց, որ հաշված օրեր անց պարզ կդառնա՝ արդյոք մոնոօպերաները կհայտնվեն մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ 

Սարգսյանի Reflections-ը սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնոօպերա է: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան):  Այն հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ստեղծելով ձայնային գոբելեն, որը թե՛ տարաժամանակ է, թե՛ արդիական։ 

Dialogue մոնոօպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ): Dialogue-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունն ուժի, իսկ լռությունը՝ պոռթկման հետ։

Շուշան Սարգսյանը կարևորեց այն փաստը, որ աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում։