Կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի հարցով նամակ է գրել Ջո Բայդենին՝ կոչ անելով շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
15 Օգոստոսի 2023, 10:24
Կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի հարցով նամակ է գրել Ջո Բայդենին՝ կոչ անելով շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել:
Ձեզ ենք ներկայացնում Շիֆի նամակը ստորև.
«Հարգելի նախագահ Բայդեն,
Հունիսի 8-ին Ձեզ գրելուց ի վեր, խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, որը Արցախը (Լեռնային Ղարաբաղը) արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, ճգնաժամը զգալիորեն սրվել է՝ պահանջելով Ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։
2022 թվականի դեկտեմբերից Արցախի ժողովուրդն ապրում է ապօրինի շրջափակման պայմաններում, որը հանգեցնում է կործանարար հետևանքների: 120 000 մարդ զրկված է սննդից, ջրից, բժշկական պարագաներից և ծառայություններից, գազից և անխափան էլեկտրականությունից։ Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող էր ապահովել սննդամթերքի և դեղորայքի սահմանափակ մատակարարում, ինչպես նաև փոխադրում՝ անհետաձգելի բժշկական օգնության դեպքում, սակայն մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը փակել էր նույնիսկ ԿԽՄԿ-ի մուտքը:
Արցախի ժողովուրդը, այդ թվում ՝ հղի կանայք, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձիք, օգնության խիստ կարիք ունի: Կենսական նշանակության դեղամիջոցները և մանկական սնունդը գրեթե վերջացել է: Արցախի առողջապահական մարմինները հայտնել են թերսնուցման, դեղորայքի և բժշկական ծառայությունների/ փոխադրումների պակասի հետ կապված հիվանդացության և մահացության աճի մասին:
Ադրբեջանն ամիսներ շարունակ անտեսում է ԱՄՆ կառավարության, Եվրոպական Միության, ՄԱԿ-ի և Ռուսաստանի փորձագետների՝ միջանցքը բացելու կոչերը:
Խստորեն կոչ եմ անում ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը:
- Հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Արցախի ճգնաժամի վերաբերյալ
- Հանձնարարել ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ գլխավորելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել Միջազգային դատարանի կարգադրությունները, որով նախատեսվում է ՄԱԿ-ի փորձագետների խումբ ուղարկել Արցախ՝ մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և անկախ զեկույց պատրաստելու, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի աղաղակող խախտումների համար
- Հանձնարարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և պաշտպանության նախարարությանը գնահատել ԱՄՆ-ի կողմից ցամաքային կամ օդային ճանապարհով Արցախին օգնություն տրամադրելու տարբերակները՝ կանխելու սովամահության իրական վտանգը և անմեղ քաղաքացիների զոհվելը
- Անձամբ զանգահարել Ալիևին և կոչ անել վերացնել շրջափակումը։ Նախազգուշացնել նրան այն հետևանքների մասին, որոնք ներառում են պատժամիջոցների սահմանում, վիզային սահմանափակումներ և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցում շրջափակման շարունակման դեպքում: Կոնգրեսում շատերը համոզված են, որ Ադրբեջանը վաղուց պետք է զրկվի ԱՄՆ-ի օգնությունից:
Ես պատրաստ եմ ցանկացած աջակցություն ցուցաբերել Ձեր վարչակազմին ճգնաժամի կարգավորման հարցում, այդ թվում՝ աջակցություն Ձեր վարչակազմի և հայ համայնքի շահագրգիռ անձանց միջև հանդիպմանը, որոնք կարող են տեղեկություններ հաղորդել Արցախում աղետալի իրավիճակի մասին: Մենք խոստացել էինք, որ ցեղասպանությունը «այլևս երբեք» չի կրկնվի, բայց այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի կողմից նոր ցեղասպանության և էթնիկ զտումների սպառնալիքի առջև»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: