Կոնստանտին Օրբելյան․ Դասական երաժշտության հոգին

27 Օգոստոսի 2024, 23:35

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 27-ն աշխարհահռչակ դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1956 թվականին Սան Ֆրանցիսկոյում՝ Օրբելյանների իշխանական ընտանիքում։ Նրա հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Նրա հորեղբայրը կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն է։

4 տարեկանում ստացել է դաշնամուրի առաջին դասերը Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայի մանկական բաժնում։ Արդեն 11 տարեկանում Օրբելյանը հանդես է եկել որպես դաշնակահար Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։

Դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն ձայնագրություն» մրցանակին։
90-ականների սկզբին Կոնստանտինը սկսել է դիրիժորի կարիերան և մոտ 20 տարի եղել է ՌԴ պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 2003 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։

Նա առաջադրվել է «Գրեմմի» 2014, 2017, 2018, 2019 թվականներին՝ Լոուրենս Բրաունլիի, Սթիվեն Կոստելլոյի և Դմիտրի Խվորոստովսկու, Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրված սկավառակների համար։

Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։

Ներկայումս Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորք Սիթի օպերայի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: