Կոնստանտին Օրբելյան. «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդ
27 Օգոստոսի 2023, 23:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Լեգենդար Կոնստանտին Օրբելյանը այսօր դառնում է 66 տարեկան:
Կոնստանտին Օրբելյանը ամերիկացի դիրիժոր, դաշնակահար, պրոդյուսեր է, «Գրեմմի» մրցանակի չորս անգամ հավակնորդ։ Նա 2021 թվականից «Նյու Յորք Սիթի օպերա» թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ 1991-2010 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը։ Նա Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանի եղբորորդին։
Կոնստանտինը ծնվել է 1956 թվականին Սան Ֆրանցիսկոյում, հայ ազնվական Օրբելյանների ընտանիքում։ Չորս տարեկանում նա սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայի մանկական բաժնում, իսկ 11 տարեկանում հանդես է եկել որպես դաշնակահար Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
1991-2010 թվականներին եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2003 թվականին Կոնստանտին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: 2010 թվականից մի քանի տարի ղեկավարել է Պավել Սլոբոդկինի թատերահամերգային կենտրոնի Մոսկվայի կամերային նվագախումբը։
Նա 2014, 2017, 2018, 2019 թվականների “Գրեմմի” մրցանակի հավակնորդ է Լոուրենս Բրաունլիի, Սթիվեն Կոստելլոյի և Դմիտրի Խվորոստովսկու, Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրված սկավառակների համար ։
2016 թվականից նա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, ապա՝ տնօրենը: