Կոնստանտին Օրբելյանի հիմնադրամը Նյու Յորքի գլխավոր բեմում Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգ է կազմակերպել

25 Հոկտեմբերի 2023, 08:37

Մշակույթ

Կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Նյու Յորքի Կարնեգի հոլում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երաժշտական երեկոն կազմակերպել է Կոնստանտին Օրբելյանի հիմնադրամը:

Օրբելյանն ընդգծել է, որ հավատում է երաժշտության ուժին, նրան, որ այն կարող է նույնիսկ օգնել հաղթահարել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը:

«Երաժշտությունը միջազգային, ազգամիջյան և միջկրոնական լեզու է։ Երաժշտությունը ոչ մի խոչընդոտ չունի», — հայտարարել է համերգի կազմակերպիչը։

Պատասխանելով «Ռուս կոմպոզիտորների մերժման» սպառնալիքի մասին լրագրողների հարցին՝ Օրբելյանը վստահեցրել է, որ դա տեղի չի ունենա։

«Մեր կոմպոզիտորները՝ Չայկովսկին, Ռախմանինովը, Սկրյաբինը, Մյասկովսկին, նրանց ոչ ոք չի ոչնչացրել, և դա երբեք տեղի չի ունենա», — վստահեցրել է նա:

Օրբելյանի խոսքով՝ Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան նաև ԱՄՆ այլ քաղաքներում: Նա հույս է հայտնել, որ միջոցառումները տեղի կունենան Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Դալլասում, Հյուսթոնում, Բոստոնում, Չիկագոյում և Վաշինգտոնում: