Կոնստանտին Զատուլինը Հայաստանի ԱԽ քարտուղարի խոսքերը Ղարաբաղի մասին բացահայտ սուտ է անվանել

26 Հունիսի 2024, 19:38

Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «հանձնելու» մասին բացահայտ սուտ են։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքով է անցնում։ Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից:

«Նա դժվար դրության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Սա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր։ Ինչպես, իսկապես, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական բազայի առկայությունը Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից»,- ընդգծել է Զատուլինը։