Կործանարար հրդեհից մեկ ամիս անց «Սահագ-Մեսրոբ» դպրոցը դեռ չի ստացել վերականգնման աշխատանքները սկսելու թույլտվություն

18 Փետրվարի 2025, 22:30

Կրթություն

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած հրդեհից ամբողջովին այրված «Սահագ-Մեսրոբ» հայկական քրիստոնեական դպրոցը դադարեցրել է գործունեությունը, աշակերտները տեղափոխվել են այլ վայրեր:

Հայ ազգային կոմիտեն կազմակերպել է պաշտոնյաների այց դպրոցի տարածք, որին ներկա էին ANCA ազգային խորհրդից Աիդա Դիմեջյանը, Արևմտյան շրջանի նախագահ Օշին Հարութունյանը, Արևմտյան շրջանի վարչության անդամ Լարա Երեցյանը, Ամերիկայի հայկական համագումարից Թալին Յակուբյանը և ՀԲԸՄ Արևմտյան շրջանի նախագահ Քև Զորյանը:

Ամերիկյան հայտնի բյուրոկրատական սիստեմը խոչընդոտում է աշխատանքների արագ կազմակերպմանը, որն էլ բացասական է ազդում դպրոցի վերականգման վրա: Կոնգրեսական Ջուդի Չուն և Կալիֆորնիայի սենատոր Սաշա Ռենե Պերեսը կարևորելով դպրոցի պատմամշակութային նշանակությունը, խոստացել են աջակցել դպրոցի վերականգնման աշխատանքներին:

«Ես ուզում եմ համոզվել, որ դա արվելու է հնարավորինս արագ: Այս դպրոցը մեկ այլ խնդիր էլ ունի․ վերանորոգման ընթացքում երեխաները պետք է գնան այլ դպրոցներ և նրանք բախվում են թույլտվությունների տրամադրման ընթացակարգին։ Մենք ուզում ենք նրանց այդ հարցում օգնել»,- Alpha News-ին ասել է Ջուդի Չուն:

Սենատոր Սաշա Ռենե Պերեսն էլ նշել է․ «Ես գիտեմ, որ նահանգապետը պարտավորվել է հաղթահարել բյուրոկրատական կարմիր գիծը և համոզվել, որ մենք օպտիմալացնում ենք այդ գործընթացները, այնպես որ մենք կքննարկենք ամեն ինչ»։

Հայ դատի հանձնախմբի նախագահ Օշին Հարությունյանը մինչ այս հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ, քննարկել դպրոցի վերականգնման գործում պետական օգնության անհրաժեշտության հարցը։

«Մեր գործն է, որ տեղական քաղաքական գործիչները Ալտադինայից լինեն, տեղական ինքնակառավարման կամ դաշնային մակարդակում ներգրավված լինեն վերականգնման գործընթացում: Ինչպես գիտեք, կան բազմաթիվ բյուրոկրատական ընթացակարգեր, որոնք կապված են թույլտվությունների տրամադրման հետ, հնարավոր է ֆինանսավորման համար, տարածքը մաքրելու կամ շինարարական թույլտվություններն արագացնելու համար ուղիներ գտնել: Մեր աշխատանքը, որպես կազմակերպություն, այս հարցերի լուծմանը նպաստելն է։ Մենք նաև պատրաստվում ենք հանդիպել շրջանի տեսուչ Քեթրին Բարգերի հետ: Ցանկանում ենք համոզվել, որ դպրոցը կվերականգնվի և հայ աշակերտները կվերադառնան դպրոց»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Օշին Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։