Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր անկախությունը. Վահրամ Աբաջյան
29 Դեկտեմբերի 2023, 00:45
ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարծում են, որ խաղաղության շնորհիվ կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Աբաջյանը:
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը, թեև հակառակ դիրքերից, բայց հետաքրքված են, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն: Նրանցից ամեն մեկը կարծում է, որ այդ խաղաղության շնորհիվ կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունն այդ տարածաշրջանում և իրականացնել իրենց քաղաքական նպատակները:
Խոսելով «Խաղաղության պայմանագրի» մասի՝ նշեմ, որ դեպքերի զարգացումները փաստում են՝ այդպես էլ պետք է լինի: Նման տրամաբանությունը նոր չէ և սկսվել է առաջին նախագահի ժամանակներից, երբ մեր հաղթանակը վերածվեց ինչ-որ կիսատ-պռատ զինադադարի: Սրանք առաջին նշաններն էին, որ պետք է լինի, այսպես կոչված, խաղաղություն: Դա ձեռնտու է և՛ մեծ տերություններին, և՛ Թուրքիային ու Ադրբեջանին, և՛ Հայաստանի իշխանություններին: Հիմա թե որքանով է այդ խաղաղությունը համապատասխանում հայ ժողովրդի ազգային շահերին, դա արդեն ուրիշ հարց է: Փաստորեն, այո՛, այդ խաղաղությունը պետք է լինի, և այն կարող է լինել մեկ ամսից, կես տարուց կամ մեկ տարուց, բայց դրանով պայմանագրի էությունը չի փոխվում»,- ասել է Աբաջյանը:
Նա նաև նշել է, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանը կորցրել է իր անկախությունը:
«Այսօր խաղաղությունը հիշեցնում է դեմագոգիայի, քան թե իրական խաղաղության: Դեմագոգիայի դեպքում առաջին հայացքից խոսողը ճշմարտությունն է ասում, բայց երբ խորանում ենք, այդ ճշմարտության մեջ կեղծիք ենք տեսնում: Իհարկե, լավ կլինի, որ Հայաստանի և իր հարևանների միջև սահմանվեն բնականոն հարաբերություններ, զարգանան տնտեսական, մշակութային կապերը: Դա կլինի խաղաղության անվտանգության լավագույն երաշխիք, բայց այստեղ հարցն այն է, թե ինչ գնով է դա արվում: Առաջին հերթին դա արվում է Արցախի գնով, և պետք չէ մոռանալ, որ Հայաստանն անկախության հասավ հենց Արցախյան շարժման միջոցով: Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր անկախությունը:
Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հրաժարվում ենք Արարատից, Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց: Ստացվում է, որ ազգը զրկվում է իր ամբողջ ունեցվածքից՝ հպարտությունից, ազգային արժանապատվությունից, իր նախնիների ձայնից: Մենք պետք է վերականգնենք ազգային ոգին, առաջ մղենք ազգային գաղափարախոսությունը, որը կարտահայտվի սահմանադրական կտրուկ փոփոխություններով: Ցավոք, այս ամենի նախադրյալները ես դեռևս չեմ տեսնում»,- եզրափակել է նախկին դեսպանը: