Կորցնելով Վրաստանը՝ Եվրամիությունը բռնեց Հայաստանը. Ալեքսանդր Ռար
01 Հուլիսի 2025, 21:30
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի՝ Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության ու Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների փաստացի աջակցությանը։
«Բանն այն է, որ Եվրամիությունը շատ է վախենում՝ Հայաստանում վրացական իրադարձությունների կկրկնվեն։ Խոսքն այն մասին է, թե ինչպես Վրաստանի ղեկավարությունը «ցտեսություն» ասաց Եվրամիությանը, փակեց դռները և հայտարարեց, որ իրենք այլևս չեն նստում ժողովրդավարության աշակերտների նստարանին, այլ գնում են իրենց սեփական ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչ-որ տնտեսական մերձեցման։ Կորցնելով Վրաստանը՝ Եվրամիությունը բռնեց Հայաստանը։ Եվ հիմա տիկին Կալասն ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այնքան լավ չեն եղել, որքան հիմա: Բայց միևնույն ժամանակ այնտեղ ցույց է ընթանում Եվրամիության հետ ահա այս չափազանց մեծ մերձեցման դեմ։
Այնտեղ բավականին ուժեղ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանն ամբողջությամբ ընկնի Եվրամիության տակ, և այդ պատճառով հասարակության մեջ կան տարբեր միտումներ, տարբեր վեճեր և նույնիսկ կոնֆլիկտներ։ Եվրոպական միությունը, որպեսզի չկորցնի Հայաստանը, հասկանալով, որ Եվրոպայի դիրքերն, այնուամենայնիվ, Հայաստանում բավական երերուն են, հիմա բանավոր և գուցե նույնիսկ ֆինանսապես կօգնի Հայաստանին և իր կողմը կքաշի: Այս ամենի գլխավոր նպատակն ու գլխավոր ռազմավարությունը կովկասյան երկրները Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելն է», — ասել է Ռարը։
Քաղաքագետի խոսքով՝ պաշտպանական հարցերում ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
«Այժմ Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է հատուկ համագործակցություն պաշտպանական հարցերում, և իմ տեսանկյունից դա ուղղակի սարսափելի է, քանի որ այսպես սկսվեց ուկրաինական հակամարտությունը 2014 թվականին, երբ Եվրամիությունն Ուկրաինային առաջարկում էր հենց Եվրամիության հետ ասոցացման շրջանակներում ռազմական համագործակցություն։ Դա հանգեցնում է աշխարհաքաղաքական բնույթի բոլոր հակամարտությունների ուժեղացմանը, էսկալացիային, ուստի ես դրանում ոչ մի լավ բան չեմ տեսնում, և, ցավոք, կոնֆլիկտայնությունը միայն աճում է», — եզրափակել է Ռարը։