Կորեայի մշակույթի օրերի շրջանակում Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները «Կիմբաբ» պատրաստել սովորեցին

19 Մայիսի 2023, 20:00

Բոլոր

Հայաստանում Կորեայի մշակույթի օրերի շրջանակում մայիսի 19-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի «Կորեերեն լեզվի և մշակույթի կենտրոն»-ում ուսանողները մասնակցեցին կորեական ուտեստի՝ «Կիմբաբ»-ի, պատրաստման վարպետության դասին:

Ուսանողներին ազգային ուտեստը պատրաստել էին սովորեցնում խոհարարներն ու Ռուսաստանում Կորեայի մշակութային կենտրոնի տնօրեն Փակ Ջոն Գոնը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հայտնի է Կորեական ալիքը կամ Հալուն, շատ տարածված են կորեական ֆիլմերը՝ դրամաները, սակայն մեծ ճանաչում է ստացել նաև կորեական հարուստ խոհանոցը:

«Մենք մի քանի ուտեստ ունենք, որոնցով հպարտանում ենք: Դրանցից մեկը «Կիմչի»-ն է, մյուսը, որը բոլորն են սիրում, «Կիմբաբ»-ն է, որն այսօր պատաստում ենք: Կիմը ջրիմուռն է, իսկ բաբը՝ կորեացիների հիմնական ուտելիքը՝ բրինձը:  Երբ կորեցաիները գնում են բնության գրկում ժամանակ անցկացնելու, անպայման «Կիմբաբ» են տանում իրենց հետ: Նկատել եմ, որ Հայաստանի բնությունը ևս շատ գեղեցիկ է, ուստի ձեզ էլ եմ խորհուրդ տալիս բնության գրկում հանգստանալիս «Կիմբաբ» պատրաստել»,-նշեց Փակ Ջոն Գոնը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում կորեական ռեստորան դեռ չկա, սակայն հույս ունեն, որ նման միջոցառումների շնորհիվ մարդիկ կճանաչեն ու կսիրեն կորեական խոհանոցը:

Վարպետության դասի մասնակիցներից Անի Խաչատրյանը, որը համալսարանի «Թարգմանչական գործ. կորեերեն-հայերեն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է, մեծ ոգևորությամբ էր պատրաստում ուտեստը: «Շատ հաճելի է սովորել կորեերեն, ծանոթանալ նրանց մշակույթին, որի կարևոր մասն է խոհանոցը: «Կիմբաբ»-ը կորեական ազգային ուտեստ է: Այն պատրաստում ենք կիմից, բրնձից և այլ բաղադրիչներից՝ գազար, վարունգ, նրբերշիկ և այլն: Սա ամենահասարակ և համեղ ուտեստն է»,-վստահեցրեց ուսանողուհին:

Նրա խոսքով՝ ամեն տարի հատկապես մայիս ամսին նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, սակայն առաջին անգամ են ինքնուրույն ուտեստ պատրաստում, ինչը շատ հետաքրքիր է:

Համալսարանն ավարտելուց հետո Անին մտադիր է մեկնել Կորեա, սովորել այնտեղ: Կարծում է՝ կորեական խոհանոցի հետ ծանոթությունը կօգնի հետագայում հեշտ հարմարվել երկրին:

«Կորեերեն լեզվի և մշակույթի կենտրոն»-ի դասախոս Շուշան Խատայանը շեշտում է՝ քանի որ Հայաստանում Կորեայի դեսպանատուն չկա, Կորեային վերաբերող բազմաթիվ միջոցառումներ կենտրոնի աջակցությամբ ու մասնակցությամբ են կազմակերպվում:

«Բրյուսովի անվան համալսարանը միակն է, որտեղ գործում է «Կորեերեն-հայերեն» թարգմանության բաժին: Բաժնի ուսանողները շատ հետաքրքրված են Կորեայով: Ներկայումս համալսարանում որպես առաջին լեզու կորեերեն է սովորում 70 ուսանող, սակայն կան ուսանողներ, որոնք որպես երկրորդ լեզու են սովորում կորեերեն. նրանք 60-նն են»,-տեղեկացրեց Խատայանը:

Համալսարանում կորեերեն դասավանդվում է 2006 թվականից, բայց բաժինը 2014-ից է գործում: Խատայանի խոսքով՝ ավարտելուց հետո ուսանողները երբեմն Հայաստանում աշխատանք գտնելու խնդրի առաջ են կանգնում, բայց նրանց մեծ մասը մեկնում Է Կորեա, սովորում այնտեղ: Ոմանք վերադառնում են, ոմանք՝ ոչ:

«Ես սովորել եմ Կորեայում ու վերադարձել եմ: Պետք է փաստել, որ Հայաստանում կորեացի զբոսաշրջիկների թիվն է մեծացել: Փորձում ենք մեր ուսանողներին որպես զբոսավար հարթակ տրամադրել»,-շեշտեց նա:

Հայաստանում Կորեայի մշակույթի օրերի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենան կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ և այլ միջոցառումներ, որոնք իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատաննախաձեռնությամբևֆինանսականաջակցությամբ:

Հիմա եթերում