Կովկասը Ռուսաստանի պատմական շահերի գոտին է. Անատոլի Մատվիյչուկ
17 Մարտի 2025, 23:57
Ռուս ռազմական դիտորդ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի մոտեցումներից։
«Ալիևն ավելի ու ավելի է նմանվում փոքրիկ բռնապետի և հաղթողի, ով որոշել է, որ 44-օրյա պատերազմում իր հաղթանակը թույլ է տալիս իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Հարցն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով չի լուծվել, կամ ընդհանրապես սահմանային որևէ խնդիր, և ամենագլխավորը՝ բուն Արցախի հարցը, խաղաղ բնակիչների վերադարձն իրենց պատմական հայրենիք, չի լուծվել»,- նշել է փորձագետը։
Անատոլի Մատվիյչուկի խոսքով՝ Իրանն անտարբեր չի մնա, եթե Հայաստանի սահմանները խախտվեն:
«Մենք պետք է հասկանանք, որ Իրանը որոշակիորեն կաշկանդված է իր գործողություններում՝ կապված այն տնտեսական և քաղաքական սահմանափակումների հետ, որոնք միջազգային հանրությունը կիրառում է իր հանդեպ։ Ի վերջո, Իրանի հարցը դեռ օդում կախված է նրա միջուկային ծրագրի առումով, և նա չէր ցանկանա ավելի շատ չարիք բերել իր վրա։ Բացի այն չարիքից, որն այսօր կա: Բայց փաստն այն է՝ տարածաշրջանում շատ ակտիվ ներթափանցում է Թուրքիան։ Այն մեծ քայլերով փորձում է ճնշել Ադրբեջանին և թելադրել Նախիջևանի հետ կապված իր բոլոր պայմանները։ Իսկ դա Իրանին ընդհանրապես դուր չի գալիս։
Այդուհանդերձ, հիշենք, որ Իրանն այնտեղ իր ազդեցությունն ունեցել է դեռևս Պարսկական կայսրության ժամանակներից, և նա այնտեղ ունի իր որոշ հավակնոտ դրդապատճառներն այդ տարածքների վերաբերյալ։ Իրանը պատերազմ չի ուզում, բայց թույլ չի տա միակողմանի զիջումներ Նախիջևանի և Զանգեզուրի ուղղությամբ, եթե հանկարծ այնտեղ հայտնվեն Թուրքիայի զինված ուժերը, և իր ակտիվ ռազմադիվանագիտական քայլերը կձեռնարկի»,- ընդգծել է Մատվիյչուկը։
Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներին։
«Մենք այս տարածաշրջանում ունենք մերձավոր դաշնակից, որը մենք համարում ենք Հայաստանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) անդամ։ Այնտեղ խնդիրներ կան, տարաձայնություններ կան, բայց նա դեռ այս կազմակերպության անդամ է: Բայց կա ԱՊՀ-ում մեր մեկ այլ դաշնակից, որն, իհարկե, Ադրբեջանն է։
Իսկ Ռուսաստանը կցանկանար աջակցել խաղաղությանը՝ գտնվելով այդ երկու պետությունների միջև խաղաղ հավասարակշռության մեջ։ Բայց վերջին շրջանում այն, ինչ անում է Ադրբեջանը, ամբողջովին քանդում է չեզոքության այդ ուղղահայացը՝ Ռուսաստանի դեմ նրա պահանջները, որոշ հայտարարությունները և այլն։ Մենք հասկանում ենք, որ այդ ամենն ընթանում է տնտեսական շահի տեսանկյունից, որը փորձում է ձեռք բերել Ադրբեջանը՝ կառուցելով տրանսնավթային և գազային հանգույց՝ Եվրոպային ռեսուրսներ մատակարարելու համար, իսկ դրա համար նրան պետք է Հայաստանի տարածքը։
Դրա համար Ադրբեջանը հորինել է այն նախադրյալը, որ Հայաստանը «ֆաշիստական» պետություն է։ Նույնիսկ նա իրեն այնպիսի արտահայտություն թույլ տվեց, որ ես, օրինակ, կստիպեմ «ֆաշիստական պետությանը» դառնալ ժողովրդավար։ Այսինքն՝ ես ևս մեկ անգամ կվերադառնամ այնտեղ, որտեղից սկսել եմ: Նա (Ալիևը) փորձում է որպես հաղթող պայմաններ թելադրել։ Այսինքն՝ իր համար սա, ըստ էության, նորմ է, դիվանագիտական նորմ։ Չնայած Ալիևն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, հասկանում է, որ չի կարելի նման բան անել, բայց չգիտես ինչու որոշել է, որ դա նորմալ է»,- նշել է մեր զրուցակիցը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռանալու տարածաշրջանից, և նրա պատմական ներկայությունը տարածաշրջանում կշարունակվի։
«Ռուսաստանը չի հեռանում: Գիտեք, կա այսպիսի արտահայտություն. Ռուսաստանը երբեք չի բարկանում, պարզապես կենտրոնանում է: Կարծում եմ, որ Կովկասում տիրող իրավիճակի գնահատման ուղղությամբ բավականին տքնաջան աշխատանք է տարվում։ Կովկասը պատմական գոտի է, որտեղ Ռուսաստանը շահեր ունի, և նա հենց այնպես այնտեղից չի հեռանա»,- ամփոփել է Մատվիյչուկը։