Կողմերը պետք է ինչ-որ կոնսենսուսի գան՝ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար. Կոնստանտին Տասից

06 Փետրվարի 2025, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին նորությունների, մասնավորապես, Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության դադարեցման ֆոնին:

«Պաշտոնապես Բաքվի կողմից ասվել է, որ կազմակերպությունը պատշաճ կերպով գրանցված չէ Ադրբեջանում, այսինքն՝ չունի պետական գրանցում և, համապատասխանաբար, իր գործունեությունն իրականացնելու իրավունք։ Բայց ընդհանուր համատեքստում մենք տեսնում ենք, որ Բաքուն պնդում է՝ Ռուսաստանը ճանաչի ինքնաթիռի խոցման և դրան հաջորդած աղետի պատասխանատվությունը, փոխհատուցում վճարի պետությանը, ավիաընկերությանը, տուժածներին, ինչպես նաև պատժի մեղավորներին։ Ռուսաստանն, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է անհրաժեշտ գործողություններ կատարել հետաքննության ավարտից հետո, որը դեռ շարունակվում է:

Կողմերը պետք է հանգեն ինչ-որ փոխհամաձայնության, փոխզիջումային լուծման՝ տվյալ կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի կողմից ինչ-որ սիմետրիկ գործողություններ չեն ձեռնարկվի, քանի որ դա, այնուամենայնիվ, անարդյունավետ է։ Ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը կշարունակվի, և այս իրավիճակը կարգավորելու համար ինչ-որ կոնսենսուսային լուծումներ կփնտրվեն», — ասել է Տասիցը։