Կրասնոդարում ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու
21 Դեկտեմբերի 2025, 20:30
Դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում՝ Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու մոտ, «Նոյի ժառանգներ» հասարակական շարժումը՝ Ռուսաստանի հարավի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի աջակցությամբ, անցկացրել է «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։
Ակցիայի մասնակիցները պահանջել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանդիպել «Նոյի ժառանգներ» շարժման ներկայացուցիչների հետ և քննարկել Եկեղեցուն առնչվող հարցերը՝ «եթե Փաշինյանը իրեն ժողովրդավար է համարում»։ Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ հետևյալ գրություններով․ «Եկեղեցին հայկական ազգային ինքնության հիմքն է», «Կաթողիկոսը Եկեղեցու գլուխն է՝ ընտրված ժողովրդի և Աստծո կողմից», «Ամոթ՝ պառակտիչներին և եկեղեցու դավաճաններին», «Ամոթ իշխանություններին, որոնք հետապնդում են հոգևորականներին», «Եկեղեցու միասնությունը՝ ժողովրդի միասնություն, ժողովրդի միասնությունը՝ Հայաստանի միասնություն»։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց կազմակերպած միջոցառումը հայ համայնքի ինքնաբուխ կամարտահայտությունն է՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքների։ «Նոյի ժառանգներ» շարժումը նմանատիպ ակցիաներ է անցկացրել Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ այդ թվում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ վայրերում։
Միջոցառման ընթացքում հնչեցվել են կոշտ պահանջներ Հայաստանի կառավարության հասցեին և տրվել է պառակտիչների գործողությունների միանշանակ գնահատական։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել ազատ արձակել չորս հոգևորականներին և բարերար Սամվել Կարապետյանին, որոնք, ըստ հայտարարության, ձերբակալվել են իրենց համոզմունքներն արտահայտելու համար։