Կրասնոդարում հայը բազմահարկ շենքի բնակիչներին փրկել է հրդեհից

11 Հուլիսի 2023, 14:40

Հայեր

Կրասնոդարի Տուրգենևի փողոցում օրեր առաջ հրդեհ է բռնկվել: Այն նկատել է քաղաքի բնակիչ Գրիգորի Անոյանը։

Մինչեւ հրշեջների խումբը կհասներ դեպքի վայր, Անոյանը սկսել է փրկել իր շենքի բնակարաններում քնած բնակիչներին ։ Տնից տարհանվել է 23 մարդ, 8 բնակիչ չի կարողացել ինքնուրույն դուրս գալ, նրանց օգնություն է ցուցաբերվել։ Մեկ մարդ տուժել է։

«Կրասնոդար» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Գրիգորը քաղաքային վարչակազմի աշխատակից է։ Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել Անոյանին իր վճռականության և խիզախության համար:

«Սա լավ օրինակ է բոլորիս համար, թե ինչպես պետք է գործել բարդ ու անհասկանալի իրավիճակներում», — ընդգծել է Նաումովը ։

Հիմա եթերում