Կրեմլի պետական պալատում նոր բեմադրությամբ կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը

16 Փետրվարի 2025, 20:52

Մշակույթ

Դասական բալետի պետական ակադեմիական թատրոնը փետրվարի 18-ին Կրեմլի պետական պալատի բեմում կներկայացնի հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի իր տարբերակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պալատի կայքը։

Բեմադրիչներն ամբողջությամբ վերաիմաստավորել են ներկայացման գաղափարը։ Նրանց Սպարտակը պարզապես գլադիատոր չէ, որը ստրուկներին ուղղորդեց ապստամբության: Առաջին հերթին նա համոզված իդեալիստ է, ով երազում է, որ յուրաքանչյուրն իր ներսում ստրուկի հետ մարտից հաղթող դուրս գա, նշում է կայքը։

Դասական բալետի պետական ակադեմիական թատրոնի հիմնադիրներ Նատալյա Կասատկինան և Վլադիմիր Վասիլևը անձամբ ճանաչել են Արամ Խաչատրյանին և կիսել կոմպոզիտորի ապրումներն այն մասին, որ «Սպարտակի» ամենահայտնի բեմադրության մեջ օրիգինալ պարտիտուրը կիսով չափ կրճատվել է։ Իր ընկերոջ հիշատակը հավուր պատշաճի հարգելու համար 2003 թվականին՝ նրա ծննդյան 100-ամյակին, բալետմայստերների հայտնի զույգը ներկայացրել է Խաչատրյանի գլխավոր բալետի իրենց տարբերակը, որը կիսով չափ բաղկացած էր նախկինում չօգտագործված երաժշտությունից:

Հիմա եթերում