Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ում

22 Նոյեմբերի 2023, 13:44

Քաղաքականություն

Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, և հույս ունի, որ Երևանը կշարունակի աշխատել կազմակերպության շրջանակներում։ Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, կարելի է ափսոսանք հայտնել, որ վաղը այս գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու։ Հույս ունենք, որ աշխատանքային, փորձագիտական ​​մակարդակով կլինի մասնակցություն։ Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- ասել է նա։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։