Կրոնը պետք է տարանջատվի քաղաքականությունից. Ալեքսանդր Ցինկերը՝ Բաքվին աջակցող րաբբիների նամակի մասին

13 Սեպտեմբերի 2023, 23:14

Քաղաքականություն

Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է րաբբիների՝ Հայաստանի ղեկավարությանը դատապարտող նամակը, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի շարունակական մատակարարման ումը և Արցախում տիրող իրավիճակը։

Մեկնաբանելով լուրերը, թե րաբբիները որոշել են Հայաստանի ղեկավարությանը սովորեցնել, թե երբ և ինչպես օգտագործի «Ցեղասպանություն» և «Հոլոքոստ» բառերը, փորձագետն ասել է, որ կրոնը պետք է տարանջատել պետությունից և քաղաքականությունից։

«Այս տարի, չգիտես՝ ինչու, եվրոպացի րաբբիների հերթական հանդիպումը տեղի կունենա Բաքվում։ Դրա շրջանակներում ադրբեջանցի րաբբին կոչ է արել բոլոր հյուրերին՝ օգնել Ադրբեջանին, գրել իրենց կարծիքը, թե ինչու է Հայաստանը այսպես վարվում։ Րաբբիները շատ են ցանկանում այս միջոցառման համար հասնել Բաքու, ուստի նրանք փորձեցին սիրաշահել տանտերերին: Բայց, 500 րաբբիներից միայն 50-ն են գրանցվել սրա համար, և Իսրայելն այս ամենի հետ կապ չունի, այս ցուցակում իսրայելցի րաբբիներ չկան»,- պարզաբանել է փորձագետը:

Ցինկերի կարծիքով՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը սուրբ է ոչ միայն հայերի համար, այլ բոլոր նորմալ մարդկանց համար, ովքեր գիտեն, թե ինչ եղավ հայերի հետ Ցեղասպանության ժամանակ և ինչ եղավ հրեաների հետ Հոլոքոստի ժամանակ։ «Իմ հարազատները զոհվել են Հոլոքոստի ժամանակ, և սա նույնպես սուրբ է»,- ընդգծել է փորձագետը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Իսրայելը զենք կվաճառի Հայաստանին, եթե Երևանը դիմի, փորձագետը նշել է, որ ոչ հարձակողական զենքի հետ կապված՝ ամեն ինչի մասին կարելի է բանակցել, և Իսրայելից մատակարարումներ կլինեն։

Հարցազրույցում քննարկվել է նաև ռազմական հակամարտությանը Իրանի միջամտության հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Սյունիքի զավթումը թույլ չտալու համար, ինչպես նաև Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը և Ռուսաստանից Ղարաբաղին հումանիտար օգնության մատակարարման՝ Բաքվի խոչընդոտները: