Կտրուկ քայլերի հենց Արևմուտքը չի գնա՝ սպասելով Վրաստանի ընտրությունների արդունքներին

11 Հուլիսի 2024, 00:18

Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում ոչ միայն Բրյուսելի ու Թբիլիսիի, այլ նաև Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև, կարելի է կոչել ճգնաժամ, որն այս ամիսների ընթացքում ավելի է խորացել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանն՝ անդրադառնալով Վրաստանում ԵՄ դեսպանի այն հայտարարությանը, որ այդ երկրի անդամակցությունը Եվրամիությանը կասեցվում է։

«Եթե նախկինում իշխող թիմի լիդերները թույլ էին տալիս արևմտյան որոշ հայտարարություններ անել, այսօր արդեն պատասխան քայլերի են դիմել Բրյուսելում և Վաշինգտոնում։ Մասնավորապես, մի կողմից զորավարժությունների չեղարկումը, մյուս կողմից Զինված ուժերին 30 մլն եվրոյի տրամադրումն է սառեցվում։ Այս ամենը ցույց է տալիս, որ այս ճգնաժամը խորացել է։

Կարևոր է նշել, որ շատ կտրուկ քայլերի հենց Արևմուտքը չի գնա՝ սպասելով Վրաստանի ընտրությունների արդյունքներին, բայց այս ընտրություններում փորձ է արվում բարձրացնել բողոքի ալիքը ու վրաց ժողովրդին ուղղված բոլոր կոչերը հուշում են, թե այս բոլոր քայլերը կամ հայտարարություններն ինչի են միտված։ Դրանք ուղղված են այն քաղաքացիներին, որոնք, մտահոգված լինելով Վրաստանի եվրոպական ապագայից, կարող են հակաիշխանական ինչ-որ ցույցերի դուրս գալ»,- բացատրել է վրացագետը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ կարող է բանտարկված Սաակաշվիլիի թիմակիցները միանան այս կամ այն բևեռին ու իրավիճակ փոխել։

«Ընտրությունների արդյունքի հետ կապված կա մի քանի սցենար՝ ճանաչել կամ չճանաչել այս իշխանությունների պարտվելը։ Եթե հաղթում է «Վրացական երազանք» կուսակցությունը, Արևմուտքը կամ ճանաչում է ընտրության այդ արդյունքը, կամ ոչ։ Կա երկու սցենար․ ճանաչման պարագայում դեէսկալացիայի ու նոր դինամիկա հաղորդելը այս հարաբերություններին, իսկ եթե չի ճանաչում, էլ ավելի է լարվում Վրաստանի ներքաղաքական կյանքը ու կախված նրանից, թե ոնց կպահի իրեն իշխանությունը, ինչ քայլերի կդիմեն, ինչ բողոքի ցույցեր կլինեն ու ինչքան ադեկվատ ձևով կկաասեցվեն ու կվերահսկվեն այդ ամենը։

Այդ ամենից կախված կլինի այս իշխանության ապագան։ Այսպես ավելի է հեշտանում Արևմուտքի գործը, քանի որ նոր իշխանությունների հետ, որը, հիմնականում, տեսանելի է՝ Սաակաշվիլիի թիմակիցներն են ակտիվանում տարբեր բևեռներում, իքս պահի կարող են միանալ ու այդ քաղաքական ուժը բանտարկված նախկին նախագահի հետ կարող է իշխանության գալ ու այս պարագայում հարաբերությունները կարող են կտրուկ բարելավվել։ Այս ամենի վրա մեծ ազդեցություն կթողնեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,- եզրափակել է Ջոնի Մելիքյանը։