Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Գուրգեն Ներսիսյան

30 Հուլիսի 2023, 16:18

Քաղաքականություն

«Հետքի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Հարց-Երեկ Ձեր կողմից տեղեկություն էր հրապաարակվել ԿԽՄԿ միջոցով Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն արգելանքի վերցնելու մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեր քաղաքացու հետ է, իսկ քիչ անց հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում պնդմամբ՝ մեր քաղաքացին առևանգվել է: Տպավորություն է, որ հակասություն կա ձեր հայտարարություններում, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը:

Պատասխան- Նախքան դեպքի մասին իմ կողմից հայտարարություն անելը, ես անընդհատ կապի մեջ էի գտնվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների ու ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ, ով ուղեկցում էր նրան ու հանդիսացել է իրադարձությունների ականատեսը: Հայտարարություն անելու պահին ինձ տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները սահմանափակել են Վագիֆ Խաչատրյանի ազատությունը և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ միասին առանձնացել՝ հեռանալով անցակետից և նրանց տեղափոխելով անցակետից որոշակի հեռավորությամբ տեղակայված հատված: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցչին այդտեղից հետ են ուղարկել անցակետ, իսկ Վ. Խաչատրյանին առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին արդեն հայտարարությունը տարածել էր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նշվածից հետևում է, որ իրականում ոչ թե հակասություն է, այլ իրադարձությունների հաջորդական նկարագրություն:

Հարց- Ի՞նչ տեղեկություն ունեք հիմա գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրից ու առողջական վիճակից:

Պատասխան- Երեկ ես, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Ներքին գործերի նախարարը հանդիպում ենք ունեցել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ ինչպես առանձին, այնպես էլ Վ. Խաչատրյանի հարազատների հետ միասին, այնուհետև հարազատների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Երկու դեպքում էլ հավաստիացումներ են ներկայացվել, որ ամեն ինչ արվելու է մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, սակայն մենք նման անարդյունք հավաստիացումներ շատ ենք լսել, հիմա սպասում ենք արդյունքների: Օրվա վերջին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վ. Խաչատրյանը արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել:

Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում: