ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր հայ գերիներին
19 Հունիսի 2025, 16:10
Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նա հաստատել է, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։
«Նրանց փոխանցվել են ծանրոցներ նրանց ընտանիքների կողմից, հնարավորություն են ստացել հեռախոսով խոսել իրենց հարազատների հետ», — ասել է Ամատունին։
Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիկր խաչի ներկայացուցիչների հետ։
Ամատունին հաստատել է, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։