ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ

08 Սեպտեմբերի 2025, 12:52

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ՀՀ ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը, այդ թվում՝ նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակում են գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ հանդիպումներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։

ՀՀ ԱԳ նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միզազգային կոմիտեի պատվիրակության հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ Հարցին անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ օգոստոսի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակներում»,- ասվում է ԱԳՆ պատասխանում:

ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։