Կյանք՝ նվիրված հայրենիքին և հետախուզությանը․ Գևորգ Վարդանյան

17 Փետրվարի 2026, 22:00

Հայեր

Գևորգ Վարդանյանը խորհրդային լեգենդար հետախույզ էր, Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս։ Նրա կյանքն ու գործունեությունը դարձել են հայրենիքին նվիրվածության և հետախուզական բարձր վարպետության խորհրդանիշ։

Ծնվել է Դոնի Ռոստովում՝ հայ ընտանիքում։ Երբ Գևորգ Վարդանյանը վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Վարդանյանը պատանեկության տարիներից ներգրավվել է հետախուզության ոլորտում։ Ընդամենը 16 տարեկանում նա միացել է հակաֆաշիստական խմբին, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն ունեցել խորհրդային հետախուզական գործողություններին։ Առավել հայտնի դարձել է 1943 թվականին Թեհրանում իրականացված հատուկ գործողությամբ, երբ նրա ղեկավարությամբ երիտասարդ հետախույզների մի խումբ խափանել է Հիտլերի գաղտնի ծառայության կողմից «Մեծ եռյակի» առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի սպանության ծրագիրը: Այս դրվագը պատմության մեջ մտել է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն պահերից մեկը։

Պատերազմից հետո Վարդանյանը կնոջ՝ Գոհարի հետ, գրեթե կես դար շարունակել է գաղտնի հետախուզական գործունեությունն՝ աշխատելով աշխարհի տասնյակ երկրներում։ Նրանց առաքելությունների բազմաթիվ մանրամասներ մինչ օրս գաղտնի են մնում, սակայն հայտնի է, որ նրանք նշանակալի ներդրում են ունեցել Խորհրդային Միության անվտանգության ամրապնդման գործում։

Վաստակած ծառայությունների համար Վարդանյանը պարգևատրվել է բազմաթիվ պետական բարձր պարգևներով, այդ թվում՝ 1984 թվականին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Նրա անունը դարձել է մասնագիտական բարձր որակների և քաջության խորհրդանիշ, իսկ կերպարը ոգեշնչել է «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմի ստեղծմանը։

Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին, սակայն նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։ Նա մնում է օրինակ, թե ինչպես կարող են գործին և հայրենիքին անսասան նվիրվածությունն իսկապես փոխել պատմության ընթացքը։