Աղետը սպառնում է մեր հայրենակիցների գոյությանը, վաղը՝ նաև մեզ. բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց
07 Օգոստոսի 2023, 14:29
«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնում է անում ՀՀ ԱԳՆ-ի դիմաց՝ պահանջով, որպեսզի ներկայացվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին, այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, Հաագայի Դատարան, ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԲ, ՉԺՀ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են Արցախի շրջափակումը դադարեցնել և կանխել հումանիտար աղետը, պաշտպանել և հետ վերադարձնել հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, պաշտպանել և հետ վերադարձնել օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Շուշի քաղաքից տեղահանված Հին Շենի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին:
Ակցիայի մասնակիցները շեշտել են՝ հումանիտար աղետը սպառնում է մեր հայրենակիցների գոյությանը, վաղը նաև մեզ. «Մեր պարտքն է՝ կանխել դա և ապահովել նրանց ու մեր անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ ապրելու իրավունքը: Օրհասական է, որ մենք միասնաբար ստիպենք միջազգային հանրությանը արագ քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու Արցախի մեր եղբայրների ու քույրերի տառապանքին»:
«Ժամանակն է, որ մեր կառավարությունը համարձակ լինի, պահանջի՝ անհապաղ վերացնել շրջափակումը և պաշտպանի Արցախում մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը: Հուսահատեցնող է տեսնել, որ մեր կառավարությունը վարում է քաղաքականություն, որը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, և խաղաղություն է փնտրում այդ պայմաններում»,-ընդգծել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները համոզված են՝ շրջափակումից ի վեր բոլոր գործողությունների մասով կատարված աշխատանքները՝ հաստատված և ուղարկված փաստաթղթերը, դիմումները պետք է ներկայացվեն:
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: