Լաչինի միջանցքի հարցով ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ

04 Սեպտեմբերի 2023, 18:08

Քաղաքականություն

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ լսումներին մասնակցելու է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին հրապարակել է իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Վերջինս նաև ընդգծել էր, որ Ցեղասպանության կոնվենցիաներով՝ պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։

«Լսումների ժամանակ պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կառավարության մտադրություններին, կներկայացնի “Atrocities Artsakh” (Վայրագությունները՝ Արցախում) ինտերնետային կայքէջի տեղեկատվությունը»,- ասվում է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են հանձնաժողովի կայքի միջոցով և հասանելի կլինեն նաև House Digital Channel ծառայության ալիքով:

Հիշեցնենք, որ Օկամպոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ծավալուն զեկույց էր հրապարակել, որտեղ կատարվողը անվանել էր ցեղասպանություն: