Լաչինի միջանցքը 9 ամսվա ընթացքում 1-ին անգամ բացվեց էթնիկ զտման համար. Եղիշե Կիրակոսյան

12 Հոկտեմբերի 2023, 14:00

Քաղաքականություն

2020 թ-ից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում ԼՂ-ն հայերից զտելու համար, և դա արդեն իրականություն է։ Այս մասին Արդարադատության միջազգային դատարանում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։

«Ի հեճուկս միջազգային լայնածավալ արձագանքի՝ Ադրբեջանը նախաձեռնեց սեպտեմբերի 19-ի մասշտաբային հարձակումը։ Լաչինի միջանցքը այդ ժամանակ բացվեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց դա նպատակ ուներ, որպեսզի 100.000-ից ավելի փախչող մարդկանց դուրս թողնի»,- ասել է նա։

Եղիշե Կիրակոսյանը ենթադրություն հայտնեց, որ ադրբեջանական կողմն այսօր էլ կասի, թե Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման խաղաղ ճանապարհին։

«Եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ դա ճիշտ նույն բառներն են, որը նրանք ասում էին 9 ամիս առաջ, բայց նրանք շարունակեցին դիտավորյալ խաթարել հանրային կարևոր ծառայությունները և սովամահության ենթարկել ԼՂ բնակչությանը, որից հետո դաժանաբար հարձակվեցին և ստիպեցին մարդկանց փախչել իրենց նախնինների հայրենիքից»,– ընդգծել է Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել։

Հայաստանի կառավարությունը դիմել էր միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: