Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները այլընտրանք լինել չեն կարող․ Ժոզեպ Բորել

10 Սեպտեմբերի 2023, 11:50

Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։

Բորելն այս մասին գրել է X-ի (նախկինում Twitter) էջում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։