Լարիջանիի խոսքերը Բեյրութում աջակցություն է «Հեզբոլլահ» շարժմանը. Գանտահարյան

30 Սեպտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վերջերս Լիբանանում հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ն Իսրայելի դեմ հզոր ամրոց է, և նրանք իրենց զոհաբերում են հանուն լիբանանյան ժողովրդի բարօրության։

Գերագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ ցանկացած քաղաքական շարժում, որը կարող է նպաստել լիբանանյան ժողովրդի բարօրությանը, օգտակար է։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

«Լարիջանին Լիբանանում տարբեր հանդիպումներ ունեցավ, հանդիպեց նաև վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այդ հանդիպումների մասին պաշտոնական լրահոսի բովանդակության մեջ զգալի են տարբերությունները։ Խորհրդարանի նախագահի, առավել ևս, վարչապետի հետ կայացած հանդիպումների մասին հրապարակված նյութերում չկա վերոնշյալ տեղեկությունը։ Փոխարենը խոսվում է շրջանում խաղաղություն հաստատելու, ներլիբանանյան խնդիրներին չմիջամտելու մասին»,- նշել է Գանտահարյանը։

Վերջինիս խոսքով՝ նման հայտարարություններով Իրանն իր աջակցությունն է հայտնում «Հեզբոլլահ»-ին։

«Սա նաև ուղերձ է Իսրայելին, որ եթե վերստին գործողություններ սանձազերծի Իրանի դեմ, այն կշարունակի աջակցել «Հեզբոլլահ»-ին։ Բայց պետք է նշել նաև, որ նախկինում Իրանը «Հեզբոլլահ»-ին օգնում էր սիրիական ճանապարհով, սակայն այսօր այդ ճանապարհը փակ է»,- ընդգծել է Գանտահարյանը։

Հիմա եթերում