Լարիսա Ալավերդյան. «Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը»

09 Փետրվարի 2026, 17:38

Քաղաքականություն

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանն ուղղված ակցիայի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա առանձնակի շեշտել է քաղաքացիական հասարակության ակտիվության դերը, հատկապես՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների այցերի համատեքստում։

«Հանրային ճնշումը տրամաբանական է հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում է գտնվում գերտերության բարձրաստիճան ներկայացուցիչը»,- նշել է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն բավարար կամք չեն դրսևորում գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրում ամրագրելու համար, այլև, ըստ էության, խոչընդոտում են այդ գործընթացին։

«Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը»,- հայտարարել է նա՝ հորդորելով քաղաքացիներին լինել պահանջատեր միջազգային հանրության առջև։

Ալավերդյանը համոզված է, որ գերիների վերադարձը լոկ մարդասիրական հարց չէ։ Գործընթացը ճիշտ իրավական հունով տանելու դեպքում այն հնարավորություն կտա բարձրացնել երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում։