Լավրովի՝ Անկարա այցի նպատակը ուկրաինական հարցում Թուրքիայի դիրքորոշումը հասկանալն է․ Պավել Դուբրավսկի

24 Փետրվարի 2025, 22:00

Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա կատարած այցի նպատակը:

Ըստ փորձագետի՝ Լավրովի այցի առանցքային խնդիրը Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հասկանալն է։

«Կարծում եմ, որ այս այցն ավելի շատ կապված է, իհարկե, ուկրաինական պատվիրակության հետ, որն այժմ մասնակցում է բանակցություններին, և Ռուսաստանի պատվիրակության, որը նույնպես մասնակցում է։ Ինչո՞ւ։ Քանի որ վերջերս Էրդողանը (Թուրքիայի նախագահը) հայտարարեց, որ կցանկանար աջակցել Ուկրաինայի մասնակցությանը բոլոր բանակցություններին, որոնք այսօր տեղի են ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։

Ես կարծում եմ, որ այս այցն, ավելի շուտ, բացի պաշտոնական նպատակներից, նաև նրա համար է, որ ոչ պաշտոնապես հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան։ Քանի որ Թուրքիան հրապարակայնորեն պնդում էր, որ Ուկրաինան ներառվի բանակցություններում։ Հետևաբար, ինձ թվում է, որ այս այցի առանցքային խնդիրը հենց դա էր։

Թուրքական պետությունն՝ ի դեմս Էրդողանի, միշտ կընտրի, իհարկե, իր ազգային շահերը, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Թուրքիային հետաքրքիր է իր ազդեցությունն ընդլայնելու տեսանկյունից։ Հիշեցնեմ, որ Էրդողանը Սաուդյան Արաբիայի փոխարեն որպես բանակցությունների չեզոք հարթակ առաջարկել է Թուրքիան։ ԱՄՆ-ը սրան ոչ մի կերպ չարձագանքեց, ռուսական կողմը նույնպես չարձագանքեց, ուստի ես կասեի, որ այս փորձը ձախողվեց։ Մենք արդեն տեսնում ենք, որ բանակցություններ են ընթանում ուղղակիորեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մակարդակով, ուստի թուրքական կողմն ԱՄՆ-ի կողմից դեռևս ընդգրկված չէ այն երկրների խմբում, որոնք կարող են որպես բանակցությունների մասնակից հետաքրքիր լինել»,- ասել է Դուբրավսկին։

Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը չի ցանկանում, որ Ռուսաստանն ուժեղանա։

«Էրդողանի համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայիս բանակցությունները նման են Ռուսաստանի հզորացմանը, և նա, որպես խոշոր, ոչ այնքան տարածաշրջանային, որքան գլոբալ խաղացող, իհարկե, դա ընկալում է որպես Ռուսաստանի Դաշնության իրական հզորացում։ Եվ հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհը մի աշխարհ է, որտեղ բոլորը մրցում են միմյանց հետ, և նորից վերադառնում է ազգային պետությունների գաղափարը, որոնք պաշտպանում են իրենց շահերը, իհարկե, ոչ մի պատճառ չկա, որ մեկ պետություն, մեկ երկիր կտրուկ ուժեղանա և, ավելին, կառուցի այնպիսի լավ, հնարավոր է, գործընկերային հարաբերություններ ԱՄի-ի հետ, ինչպես որոշ փորձագետներ կանխատեսում են, չնայած ես դրա հետ համաձայն չեմ»,- եզրափակել է Դուբրավսկին։