Տեսնենք, թե ինչպես կգործեն Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունները․ Լավրով
08 Սեպտեմբերի 2025, 14:30
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄՀՊԻ-ի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է տեսնել, թե իրականում ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ինչպես կգործի:
Նա նշել է, որ սկզբնական ոգևորված արձագանքները փոխարինվել են թերահավատ գնահատականներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետք է տեսնել, թե ինչպես կգործեն Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունները, քանի որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին հնչած բոլոր ոգևորված արձագանքները հետագայում փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի կողմից ԱՄՆ-ում կնքված պայմանավորվածությունը բխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև 2020-2022 թվականների համաձայնագրերից։
«Հենց Ռուաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, երբ սկսվեց այսպես կոչված Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, վճռորոշ դեր խաղաց…Նախագահը հասավ պայմանավորվածության, որը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը, ապա տեղի ունեցան մի շարք այլ եռակողմ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տնտեսական կապերի, տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման շուրջ»,- հավելել է Լավրովը: