Լեհաստանում Փաշինյանի հայտարարությունները պարունակում են հակասական ուղերձներ․ Դավիթ Ջամալյան
27 Փետրվարի 2026, 18:30
Լեհաստանից հնչած հայտարարություններն ունեն հստակ քաղաքական ենթատեքստ և հակասում են պաշտոնական Երևանի իրական դիրքորոշմանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն՝ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային ռուսական բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։ «Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով», — նշել է Փաշինյանը։
Ջամալյանի խոսքով՝ եթե Հայաստանի վարչապետն իսկապես ունենար այն դիրքորոշումը, որը ներկայացվում է հրապարակային դաշտում, եվրոպական բարձր մակարդակի շփումները պարզապես տեղի չէին ունենա։
«Լեհաստանից նման հայտարարություն անելը միայն մի ենթատեքստ ունի․ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես գտնում է, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է, նման դիրքորոշում ունեցող ղեկավարին Տուսկը չէր ընդունի։ Եթե դու հայ-ռուսական դաշինքի կողմնակիցն ես Եվրոպա-Ռուսաստան սուր հակամարտության ֆոնին, ապա դու Եվրոպայում տեղ չունես, և այնտեղ քեզ չէին ընդունի», — ընդգծել է Ջամալյանը։
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Իրան կատարած այցին՝ ռազմական փորձագետն այն դիտարկել է Հայաստան-Հնդկաստան ռազմական համագործակցության համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ այցը գործնական անհրաժեշտությունից բխող քայլ է, որն առնչվում է սպառազինության մատակարարման լոգիստիկային։