Լեմկինի ինստիտուտի տնօրենը կոչ է անում ԼՂ-ում Ադրբեջանի արածն անվանել ցեղասպանություն ու կիրառել համապատասխան կոնվենցիան

08 Ապրիլի 2024, 17:23

Քաղաքականություն

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։ 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին։ 

«Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է։ Այսպիսով, այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ, դա այն է, որ արևմտյան աշխարհը դա առաջ մղի, քանի որ, հակառակ դեպքում դա կհանգեցնի նրան, որ նման ցեղասպանությունը կարող է պարզապես տեղի ունենալ առանց որևէ հակազդեցության և լիակատար անպատժելիության մթնոլորտում, իսկ Ադրբեջանը դրանից օգուտ է քաղում։ Այդ դեպքում բոլորը 21-րդ դարում կօգտագործեն ցեղասպանությունը։ Ով ցանկանա օգտագործել դա, կօգտագործի այսկերպ: Նրանք կօգտագործեն այս ձևը, քանի որ այն աշխատեց Ադրբեջանի պարագայում: Նրանք տեսնում են, որ այդպես լինում է, և այդ ձևով հնարավոր է շահել։

Բանն այն է, որ պետությունները կարող են տարաձայնություններ ունենալ որոշակի հարցերի շուրջ, նույնիսկ տարածքի վերաբերյալ, սակայն դուք ունեք այնպիսի բնակչություն, ինչպիսին արցախցիներն են, որոնք ունեն ինքնորոշման բոլոր հիմքերը, նրանք միշտ եղել են Լեռնային Ղարաբաղում։ Պատմության իմ ընկալմամբ՝ նրանք երբեք չեն եղել ուղիղ օտարերկրյա տիրապետության տակ՝ առանց ինքնավարության և տեղական վերահսկողության որոշակի մակարդակի: Արցախը կառավարող բոլոր կայսրությունների ընթացքում նրանք պահանջել են անկախություն և ինքնավարություն՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կազմավորումը: Խորհրդային Միությունում Արցախը ինքնավար մարզ էր։ Երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Արցախը կրկին պահանջեց կամ անկախություն կամ միացում Հայաստանին։

Արցախցիներն այս մասին վաղուց են հայտարարում, և աշխարհը պետք է լուրջ վերաբերվի նման հայտարարություններին։  Մենք այլևս գաղութային ժամանակաշրջանում չենք ապրում, որ կառավարությունները կարողանան պարզապես վտարել մարդկանց այն պատճառով, որ իրենց հող է պետք: Բանն այն է, որ կանոնների վրա հիմնված աշխարհում ամեն ինչ այդպես չի աշխատում: Եթե արևմտյան աշխարհը ցանկանում է ապրել կանոնների վրա հիմնված աշխարհում, ապա պետք է նաև ուղիներ գտնի այդ կանոնների վրա հիմնված կարգը պարտադրելու համար: Եվ հիմա էլ տեղի է ունենում նույնը, ինչ տեղի էր ունենում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց:

Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանին պետք է իսկապես ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ինչ-որ լուծում մշակվի արցախցիների հետ, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց նախնիների տներում՝ խաղաղ և անվտանգ ինքնակառավարմամբ։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ լուծվի արցախցիների ինքնորոշման հարցը»,- ասել է Լեմկինի ինստիտուտի տնօրենը: