Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Իսրայելի իշխանություններին ապահովել հայկական թաղամասի անվտանգությունը
09 Հունվարի 2024, 15:27
Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակման վերաբերյալ:
«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած դաժան հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա, որը կատարվել է գործարար Դենի Ռուբինշտեյնի հետ կապված զինված ամբոխի կողմից:
Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանել հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգել նրա բնակիչների կամքը, ովքեր շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի զավթմանը:
Բռնության վերջին դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ իսրայելա-ավստրալական գործարար Դենի Ռուբինշտեյնի հետ կապված մոտ 30 հոգուց բաղկացած զինված ամբոխը հարձակվել է «Կովերի այգի» կոչվող պատմական տեղանքի վրա՝ վիրավորելով մի քանի հայերի, այդ թվում՝ հոգևորականների և հոգևոր ճեմարանի ուսանողների։ Տեղի ակտիվիստների խոսքով՝ երկու հայեր ձերբակալվել են իսրայելական ոստիկանության կողմից, ընդ որում՝ հարձակվողներից ոչ մեկը չի ձերբակալվել:
Այս միջադեպը, ինչպես և մյուսները, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերին Հայոց պատրիարքարանը չեղյալ հայտարարեց հողամասը վարձակալության հանձնելու վիճահարույց գործարքը: 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքարանի կողմից ստորագրված գործարքը Դենի Ռուբինշտեյնի XANA ընկերությանը իրավունք էր տալիս այդ տարածքում շքեղ հյուրանոց կառուցել՝ ավերելով այդ տարածքում գտնվող բազմաթիվ պատմական շենքեր։ Գործարքը չեղարկվել է այն բանից հետո, երբ պատրիարքարանը բախվել է տեղի հայ համայնքի, հայկական սփյուռքի մեծ մասի և պաղեստինյան իշխանությունների ճնշմանը: Նոյեմբերից XANA ընկերությունը ուժի միջոցով փորձում է պնդել իր իրավունքները «Կովերի այգի»-ում։
Այս սպառնալիքը մեծ տագնապ է առաջացնում հատկապես Արցախի 4000-ամյա հայ համայնքի ողբերգական ճակատագրից հետո, որտեղից սեպտեմբերին Ադրբեջանն իր նախնիների հայրենիքից բռնի ուժով Հայաստան վտարեց ավելի քան 100 000 արցախահայության՝ հանրապետության ողջ բնակչությանը:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարության կողմից բորբոքված քրիստոնյաների դեմ բռնության մթնոլորտի և Գազայի հատվածում և Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ շարունակվող ցեղասպանության համատեքստում հայկական թաղամասի վրա հարձակումը կարելի է դիտարկել նաև որպես իսրայելական ծայրահեղականների կողմից պաղեստինյան տարածքներում հրեական էթնո պետություն ստեղծելու ևս մեկ փորձ: Չափազանց կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն ու ՄԱԿ-ը հետևեն հայկական թաղամասի լարված իրավիճակին և 1600-ամյա թաղամասն ու նրա բնակիչներին պաշտպանեն բռնությունից ու ոչնչացումից:
Լեմկինի ինստիտուտը ցանկանում է ընդգծել, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող պայմանների ստեղծմանը: Այս նախազգուշացնող նշանների ճանաչումն ու դրանց արագ արձագանքումը կարևոր նշանակություն ունի հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար։ Ավելին, մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և կոչ ենք անում համապատասխան իշխանություններին անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը», — ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։