Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է արել հրաժարվել Բաքվի աջակցությունից COP 29 կոնֆերանսը հյուրընկալելու հարցում
06 Հունիսի 2024, 13:15
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին աջակցությունը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) անցկացման հարցում։
«Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որը ղեկավարվում է այն նախագահի կողմից, որը պարբերաբար արտահայտում է հայերի նկատմամբ ցեղասպանության գաղափարախոսությունը։ Այդ թվում` նրանց անվանում է շներ, շնագայլեր և ահաբեկիչներ։ Ներկայում Ադրբեջանն անօրինական կերպով պահում է շուրջ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ընտրված իշխանության 8 անդամին»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ որոշ ձերբակալվածներ ենթարկվել են խոշտանգումների, ու միջազգային հանրությունը պետք է մերժի ցեղասպանության և դրա գաղափարախոսության կարգավորումը և դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին՝ որպես COP29 համաժողովն ընդունող երկրի: