Լենցովն ասել է` սպասեք. արցախցի Հելենի հարազատները հանդիպել են խաղաղապահ առաքելության ղեկավարին

19 Օգոստոսի 2023, 20:30

Քաղաքականություն

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը միացել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար գյուղի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն, որոնք այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։

Գուրգեն Ներսիսյանն առաջարկել է դիմել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։

«Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, որն ասել է, որ սպասենք, եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հելենի եղբայրը՝ Նվեր Ստեփանյանը:

Մոտ մեկ շաբաթ է` քրոջ աճյունը Գորիսի դիահերձարանում է։

«Տևական ժամանակ է ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն, սպասում է Ադրբեջանի պատասխանին»,- հավելել է Նվերը։

Ավելի վաղ Alpha News-ը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտի Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացրել արցախցի աղջկա մայրը։

Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրատվամիջոցներին հայտնել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել: «Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը», — ասել էր նա։

Իսկ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով Հելենի մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար։

Հիմա եթերում