Լեոնիդ Ագուտինը երգ է գրել Սարիկ Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմի համար
16 Փետրվարի 2024, 12:25
«Ես 225 տարեկան եմ» երգը Լեոնիդ Ագուտինը գրել և կատարել է հատուկ ռուս գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկի՝ Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպի էկրանավորման համար։
Տեսահոլովակ նկարահանելու գաղափարը Ագուտինինն է։ Դրանում երգիչը հայտնվում է բանաստեղծի հավաքական կերպարով և պատմություն ներկայացնում Պուշկինի անունից։
Տեսահոլովակի նկարահանումներով զբաղվել է «Օնեգին» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի մարտի 7-ին։
«Իմ ընկեր Վիկտոր Դոբրոնրավովը փոխանցել է ռեժիսորի ցանկությունը, որ հենց ես երգ գրեմ ֆիլմի համար։ Ես նայեցի և տեսա մի ֆանտաստիկ գեղեցիկ ֆիլմ՝ հրաշալի արտիստների կատարմամբ։ Բառացիորեն անմիջապես գլխումս ծնվեց մի երգ, որը շատ դուր եկավ ֆիլմի ստեղծողներին։ Երգը կոչվում է «Ես 225 տարեկան եմ»: Դրանում ես հանդիսատեսի հետ խոսում եմ Պուշկինի անունից», — ասել է Ագուտինը։