Լեոնիդ Ենգիբարյան․ Տխուր աչքերով ծաղրածուն
15 Մարտի 2024, 23:34
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 15-ը ծաղրածու, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։
Լեոնիդ Ենգիբարովը ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը՝ Գեորգի Սարգսի Ենգիբարովը, աշխատել է «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում որպես խոհարար։ Մայրը՝ Անտոնինա Անդրիանովնա Կուդրյավցևան, տնային տնտեսուհի էր։
Գրեթե ամբողջ կյանքն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։ Աշխատանքից հետո միշտ տուն է վերադարձել ոտքով։ Նույնիսկ եթե ներկայացումը շատ ուշ էր ավարտվում, նույնիսկ եթե ձմեռ էր:
Մինչ կրկեսի ասպարեզ դուրս գալն, ապագա լեգենդար ծաղրածուն զբաղվել է բռնցքամարտով և ակրոբատիկայով։ Ռինգում նա մեծ հաջողությունների է հասել։ 1952-1953 թթ-ին բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Լեոնիդ Ենգիբարովը տարել է ինը հաղթանակ և կրել մեկ պարտություն: 1952-ին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։
Լեոնիդը 1959 թվականին ավարտել է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժինը։ Վեց տարի անց Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանը ճանաչվել է աշխարհի լավագույն ծաղրածու։
Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված «Սիրտը՝ ափի մեջ» վավերագրական ֆիլմում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյն ասում է. «Նա Մոցարտ էր կրկեսային կատարողների համար։ Ինձ այդպես է թվում»։
Սերգեյ Փարաջանովը Ենգիբարովին անվանել է «Միակ անփոխարինելի դերասան» այն բանից հետո, երբ նա խաղացել է նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում:
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում «սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունից»։ Նա թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։ Ենգիբարյանի շիրմին տեղադրված հուշարձանը հեղինակել է Նիկոլայ Նիկողոսյանը։