Լեռնային Ղարաբաղում կատարվածը ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր․ Ռագըփ Զարաքօլու

Պանթյուքական և իսլամիստական իր քաղաքականությամբ՝ Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրեցին ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն։

«Ցավալիորեն, Թուրքիան Ղարաբաղի պատերազմում վատթարագույն դերն ունեցավ, կրկնեց նախկին սխալները: Պանթյուքական և իսլամիստական իր քաղաքականությամբ՝ Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին և ցավալիորեն Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրեցին: Ուրախ ենք, որ մարդիկ իրենց կյանքը չկորցրեցին, այնուամենայնիվ, դա էթնիկ զտում էր: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կտրվեց իր մայր հայրենիքից, որտեղ ապրում էր հազարավոր տարիներ, տեղի ունեցավ ճիշտ նույնն, ինչ Արևմտյան Հայաստանում: Ցավալի մեկ այլ հանգամանք էլ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են: Իսրայելի ժողովրդի վերապրած Հոլոքոստից ոչ պակաս զգայուն հարց է Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը, և պետք է ուղիղ ասել, որ Իսրայելը ևս օգնեց կատարվածին»,- ցավով նկատել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կատարվածը ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, սակայն այսօր արդեն սպառնալիքի տակ է բուն Հայաստանը:

«Սա պետք է խստագույնս մտահոգի միջազգային հանրությանը: Պետք չէ թողնել, որ Հայաստանը բախվի անտարբերության, և այդ միջավայրում ստիպված լինի որոշումներ կայացնել: Իհարկե, Փաշինյանի այս վիճակն էլ նախանձելի չէ, ինչ կարող է անել հուսահատությունը՝ գիտենք։

Սա միայն Հայաստանի հարցը չէ: Աշխարհի բոլոր անկյուններում կան արմատներով Արևմտյան Հայաստանից մեծ թվով հայեր: Նրանք իրենց պահանջները, իրենց արդար պահանջները շարունակելու են: Եվ դա արդարացի կլինի: Փաշինյանն, իրական պաշարման վիճակում լինելով, կարող է փորձել ինչ-որ զիջումներ անել, բայց խոսքը միայն Փաշինյանին չէ: Կա նաև հայկական սփյուռքը: Ինչ կարող է տալ Թուրքիան հայկական սփյուռքին, ինչ կարող է անել Թուրքիան հայկական սփյուռքի դեմ»,- ասել է Ռագըփ Զարաքօլուն։

Նա նաև նշել է, որ Հայաստանին օդ ու ջրի պես պետք է չկտրվել Իրանից։

«Այս պահին կարևոր է, որ Հայաստանն Իրանից չկտրվի, որպեսզի Հայաստանը չմեկուսացվի: Այդ միջանցքը պահանջելով, Էրդողանի կառավարությունն ապացուցում է իր պանթյուրքական բնույթը: Հայաստանի համար այդ միջանցքը սպառնալիք է, որովհետև այս պահին Հայաստանի համար միակ և վստահելի գործընկերը Իրանն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վրաստանն էլ թուրքական ազդեցության տակ է»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Ռագըփ Զարաքօլուն նաև ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր տաբու չէ Թուրքիայում, ու մտավորականներն իսկապես ընդունում են, որ եղեռն է տեղի ունեցել։