Լեռնային Ղարաբաղում մարդկության դեմ հանցագործություն է իրականացվել. միջազգային իրավունքի փորձագետ Բյորն Շիֆբաուեր

13 Հոկտեմբերի 2023, 15:36

Քաղաքականություն

«Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը ենթադրում է, որ գործողություններ են կատարվել մի խմբի նկատմամբ՝ այն ոչնչացնելու նպատակով։ Վերաբնակեցումը ոչնչացում չէ»,- Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հանրային իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի պրոֆեսոր դոկտոր Բյորն Շիֆբաուերը, որ հրավիրված է եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստին, որտեղ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի պարտավորությունները:

Փորձագետի խոսքով՝ ոչնչացման վտանգ եղել է, սակայն այդ սպառնալիքը չի իրականացվել։

«Ես միանգամայն համաձայն եմ, որ եթե մի քանի ամիս առաջ հետ նայենք, ցեղասպանության վտանգ կար, և եթե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չկարողանար մեկնել Հայաստան, ապա այդ գործողությունների ամբողջությունը ցեղասպանության իրականացման մեղավորության տեղիք կտար: Այստեղ դա տեղի չունեցավ, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ցեղասպանություն չի իրականացվել, ինչը չի բացառում, որ այլ հանցագործություններ են կատարվել և խախտվել է միջազգային իրավունքը, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործություն է կատարվել: Բնակչության բռնի տեղահանումը մի վայրից մյուսը հանցագործություն է մարդկության դեմ, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության ակնհայտ խախտում:

Իրավական տեսակետից, անհրաժեշտ է գործն ուղարկել Միջազգային քրեական դատարան, որի իրավասության ներքո այն պետք է գտնվի։ Հայաստանն այժմ ՄՔԴ կանոնադրության անդամ է, և դա ոչ միայն իրավական, այլ նաև միջազգային քաղաքական դիրքերից կնպաստի այս իրավիճակի հավասարակշռված լուծում գտնելուն»,- նշել է Շիֆբաուերը։

Նա հավելել է, որ նախնական գնահատականը կարող է ցույց տալ, որ հայերի դեմ կատարված հանցագործությունները կենթարկվեն քննության ՄՔԴ-ի կողմից։ Եվ, ամենայն հավանականությամբ, պետք է ակնկալել, որ Ադրբեջանի կողմից անդրադարձներ կլինեն անցյալի իրադարձություններին։

«Սա կօգնի հստակեցնել ամբողջ պատկերը: Բայց կրկին, բռնի տեղահանումը, բնակչության տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ։ Եթե դա տեղի է ունենում բնակչության նկատմամբ սիստեմատիկ բռնությունների համատեքստում, իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է գնահատել, բայց, կարծես, հենց այդպես էլ եղել է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է փորձագետը։