Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վճարն է արևմտյան աշխարհի մաս դառնալու համար. Վլադիմիր Բատյուկ

12 Հուլիսի 2024, 00:19

Քաղաքականություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Բատյուկը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում:

Ըստ փորձագետի՝ Լեռնային Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները Հայաստանի վճարն են Արևմուտքի հետ մերձենալու համար:

«Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղը և գուցե մի քանի այլ վիճելի տարածքները վճարելով՝ դադարեցնել հակամարտությունը Ադրբեջանի հետ և դրա հիման վրա մերձենալ Արևմուտքին, դառնալ Արևմտյան աշխարհի մաս։

Հենց դրանով են թելադրվել այն որոշումները, որոնք կայացրել է պարոն Փաշինյանը (ՀՀ վարչապետ) այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, և Հայաստանն այդ հարցում որևէ տարածքային հավակնություն չունի։ Եվ այս ամենը արևմտյան աշխարհի մաս դառնալու, Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ մերձենալու համար։ Եվ, ինչպես կարծում են Երևանում, այն արժե։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա դա ավելի շատ Եվրոպական միության պայմանն էր, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին համաձայն էր հայկական քաղաքականության այս շրջադարձի հետ»,- ասել է Բատյուկը:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած ԱԳ նախարարների հանդիպմանը, ապա, ըստ փորձագետի, ակնհայտ է, որ նրանք ցանկանում էին ամրագրել այն քաղաքական-դիվանագիտական գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունենում տվյալ տարածաշրջանում, որոնք ավարտվեցին, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի լուծարմամբ։

«Միացյալ Նահանգները ձգտում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, քանի որ այդ կերպ նրանք կամրապնդեն իրենց դիրքերն այս տարածաշրջանում, որոնք շատ կարևոր են իրենց համար»,- եզրափակել է Բատյուկը։