Լևոն Ջուլֆալակյան․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բազմակի չեմպիոնը
05 Ապրիլի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 5-ին լրանում է անվանի հունահռոմեական ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի ծննդյան 60-ամյակը։
Նա ծնվել է Գյումրիում՝ մարզական ընտանիքում։ Ջուլֆալակյանի ծնողները երազել են, որ իրենց որդին իր կյանքը կապի սպորտի հետ, ուստի փոքր տարիքից նրան տարել են մարմնամարզության։ Դեռևս նոր լինելով մարզաձևում՝ Ջուլֆալակյանն աչքի է ընկնում իր ճկունությամբ և սպորտային տվյալներով: Մարզիչներն անմիջապես նրա մեջ նկատեցին հեռանկարային մարզիկի և չսխալվեցին։ Նա իր սպորտային ճանապարհը սկսել է Գյումրու մարզադպրոցից։ Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։
Ըմբշամարտի մարզումներին Լևոնը մեծ հաճույքով էր գնում։ Ջուլֆալակյանի առաջին հաջողությունը 1-ին տեղն էր պատանիների առաջնությունում, իսկ հետո՝ 1984 թ-ին, երբ դարձավ ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն: Այդ հաջողություններից հետո նա ընդգրկվեց ԽՍՀՄ մեծահասակների հավաքականում։
1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերից առաջ Բուդապեշտում մեկնարկել է ավանդական մրցաշար, որտեղ Լևոնի առջև լուրջ ու բարդ խնդիր է դրված եղել՝ հաղթելու դեպքում կմասնակցի Օլիմպիական խաղերին, այլապես կկորցնի երազանքը։ Ջուլֆալակյանը հաղթել է ու ստացել Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Սեուլի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Ջուլֆալակյանը հաղթել է ոսկե մեդալի հավակնորդին ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ մրցել է կորեացի ըմբիշի հետ։ Մի շարք փայլուն տեխնիկայի կիրառմամբ հայ ըմբիշը հաղթել է 6-1 հաշվով և ճանաչվել Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Մարզիկը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան», «Պատվո նշան» շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։
Լևոն Ջուլֆալակյանը երկար տարիներ եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։ Նրա որդիները նույնպես լրջորեն զբաղվում են հունահռոմեական ըմբշամարտով։ Ավագ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը (ծնվել է 1987 թվականին), Եվրոպայի (2009) և աշխարհի (2014) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012)։