Լիբանան, Գազա, Սիրիա, Եմենի հուսիներ. իրանյան պրոքսի հենակետերի չեզոքացում է տեղի ունենում. Գանդահարյան
20 Մարտի 2025, 21:30
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ զրույցում հաստատել է, որ Իսրայելը մերժել է Հարավային Լիբանանի գրավյալ 5 բլուրները ազատագրելու և զորքերը միջազգայիններով փոխարինելու իր առաջարկները: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ:
«Ցավոք, երկու կողմերի միջև կնքված հրադադարը չի պահպանվում, բայց պայմանավորվածության հիմնական խախտողը Իսրայելն է: Վերջինս ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային հատվածներին, շարունակում է իր զորքերը պահել լիբանանյան տարածքներում և վերահսկել մի շարք շրջաններ: Եվ ինչպես տեսնում ենք, Լիբանանի գրավյալ 5 բլուրները ռազմավարական առումով կարևորագույն նշանակություն ունեն Սիրիայի համար:
Խոսելով «Հեզբոլլահ»-ի մասին՝ պետք է նշեմ, որ այն ռազմական ներկայություն չունի Լիբանանում: Փոխարենը շատ ազդեցիկ ներկայություն ունի Բեյրությում, Բաալբեկում, հարավային գյուղերում և արվարձաններում»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը:
Հարցին՝ թե ինչ է սպասվում առաջիկայում, Գանդահարյանը նշել է.
«Փորձեմ մի փոքր հեռվից գալ այս հարցին: ԱՄՆ-ի վերջին ռազմական գործողությունները Եմենի հուսիների ուղղությամբ տեսանելի է դարձնում այն միտումը, որ իրանյան պրոքսի հենակետերի ընդհանուր չեզոքացում է տեղի ունենում: Դա արվել է Լիբանանում, Գազայում, Սիրիայում, իսկ հիմա Եմենի հուսիների ուղղությամբ: Ստացվում է՝ իրանյան պրոքսի ռազմաբազաների հենակետերի ընդհանուր վերափոխման ընթացքն է: Այս ամենը բխում է Իսրայելի շահերից և հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից: Ենթադրում եմ, որ այս ամենը խոսում է տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերագծման միտումների մասին»: