Լիբանանահայ համայնքը կանգնած է վտանգի առաջ․ Հակոբ Բագրատունին՝ Իսրայելի գործողությունների մասին

23 Հունվարի 2026, 20:00

Հայեր

Լիբանանի հայ համայնքը շարունակում է ապրել վտանգավոր պայմաններում՝ կապված երկրի հարավում Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների հետ։

AlphaNews-ի հետ զրույցում Լիբանանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին նշել է՝ այն, ինչ տեղի է ունենում Լիբանանում, վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լիբանանահայերին։

Նրա խոսքով՝ թեև հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն չեն թիրախավորվել, սակայն ընդհանուր իրավիճակը մտահոգիչ է։

«Լիբանանի ապագայի շուրջ եղած լուրջ անորոշությունները չեն կարող չազդել հայ համայնքի վրա»,- ընդգծել է պատգամավորը։

Բագրատունին հայտնել է, որ Իսրայելի կողմից «դիմադրության դիրքերի» թիրախավորումը չի դադարել անգամ պատերազմի ավարտից հետո։

«Հակառակ Լիբանանի և Իսրայելի միջև ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելը ոչ մի ձևով չի հարգել այդ փաստաթուղթը և չի հարգում նաև այսօր»,- ասել է նա։