Լիբանանի այն շրջաններում, որտեղ բնակվում են նաև հայեր, այս պահին անվտանգ է․ Հակոբ Բագրատունի
01 Հոկտեմբերի 2024, 13:30
«Հեզբոլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցավ ոչ միայն Լիբանանի, այլև ողջ տարածաշրջանի վրա: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարան պատգամավոր Հակոբ Բագրատունին:
«Դժբախտաբար Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է: Սկսվել են իսրայելյան ցամաքային ներխուժումները Լիբանանի հարավային տարածքների վրա: Բնականաբար, «Հեզբոլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցավ ոչ միայն Լիբանանի, այլև ողջ տարածաշրջանի վրա: Ամեն վայրկյան սպասվում է, որ հարձակումները կուժեղանան: Միջազգային հանրությունը դիվանագիտական հայտարարություններից բացի ոչինչ չի անում Իսրայելի և Լիբանանի միջև զինադադար հաստատելու համար:
Այն շրջաններում, որտեղ բնակվում են նաև հայեր, այս պահին անվտանգ է, հատուկ վնաս չկա թե՛ մարդկանց առումով, թե՛ նյութական, սակայն Լիբանանի հարավում և Բեյրութի հարավային արվարձաններում գաղթականների թիվը հասնում է շուրջ 1 մլն-ի: Նրանց մի մասը տեղափոխվել է ավելի ապահով շրջաններ, և դրանց մեջ են հենց հայկական բնակավայրերը: Այն շրջաններում, որտեղ հարձակումներ չկան, խանութները դեռ գործում են, սակայն բոլորի մոտ վախի մթնոլորտ է»,- նշեց Բագրատունին:
Նա ընդգծեց՝ լիբանանյան և իրանական օդանավային ընկերություններից զատ, այլ ընկերություններ Լիբանան չեն գալիս:
«Լիբանանցիները նման պատերազմներ ավելի վաղ տեսել են, և գիտեն, թե ինչ մեծ դժվարություններ կան: Օդանավակայանը շարունակում է գործել, բայց բաց են միայն լիբանանյան և իրանական օդանավային ընկերությունները, ոչ մի այլ ընկերություն Լիբանան չի գալիս: Բայց մենք հասկանում ենք՝ անվտանգային երաշխիքների չկան: Սկզբում Լիբանանի հարավային հատվածն էր թիրախավորվում, որն անմիջականորեն սահմանակից է գրավյալ Պաղեստինին՝ այս պարագայում Իսրայելին: Սակայն սկսեցին թիրախավորվել նաև Բեյրութի հարավային արվարձանները, որը «Հեզբոլլահ»-ի կարևոր խարիսխներից մեկն է, նաև Բեքքայի և Բաալբեկի շրջանները։ Թիրախավորվել են նաև «Համաս» շարժումի և Իսլամական շարժումի մեկ-երկու կենտրոն»,- եզրափակեց Բագրատունին: