Լիբանանի հայկական քաղաքները հեռու են բուն գործողությունների տարածքներից․ Եղիա Թաշճեան

17 Սեպտեմբերի 2024, 21:55

Քաղաքականություն

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։ Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Եղիա Թաշճեանի հետ։

«Մոտ 4-5 ժամ առաջ լուրեր տարածվեցին, որ Լիբանանի հարավային, Բեյրութի արվարձանների և Արևելյան Լիբանանի շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Այս հատվածներում, ըստ երևույթին, պայթած փեյջեր սարքերը պատկանում էին լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին։ Ինչպես հայտնել է Reuters-ը, հղում անելով երեք անանուն աղբյուրների, պայթել են փեյջերների նոր մոդելները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ներմուծել էր խմբավորումը։ Կան բազմաթիվ վիրավորներ, ըստ Լիբանանի կառավարության նրանց թիվը հասնում է 2003-ի, իսկ հիվանդանոցներում այլևս տեղ չկա՝ հատկապես Բեյրութի, Բեքքայի հիվանդանոցները։ Վիրավորների թվում են նաև պատգամավորներից մեկի որդին և Բեյրութում Իրանի դեսպան Մոջթափա Ամանին»,- նշել է Եղիա Թաշճեանը։

Անդրադառնալով հայկական շրջաններին՝ քաղաքագետն ընդգծել է, որ հայկական քաղաքները հեռու են բուն գործողությունների տարածքներից։

«Լիբանանում առաջին անգամ են նման դեպքեր տեղի ունենում։ Ինչ վերաբերում է զոհերին, կա 8 զոհ։ Հայկական քաղաքները հեռու են վերը նշված քաղաքներից, սակայն այս պահին երկրում յուրաքանչյուրը սպասում է, թե ինչ պատասխան պետք է տա Լիբանանը։ Արդեն մի քանի օր է, ինչ Իսրայելն իր հայտարարություններով պատերազմ է հրահրում և այսօր էլ պրովոկացիայի ենթարկեց պատերազմի նոր ճակատ բացելու համար։ Սակայն եթե իսկապես պատերազմ սկսվի, Լիբանանի տնտեսությունն ամբողջովին անկում կապրի և մենք բոլորս կհայտնվենք շատ դժվարին իրավիճակում»,- եզրափակել է Թաշճեանը։

Հիմա եթերում