Լիբանանի վարժարաններում սովորեցնում են հայոց, այլ ոչ թե Հայաստանի պատմություն. Սոմունճյան
18 Սեպտեմբերի 2025, 22:30
Ազգային պատկերները հեռացնելը մեկ նպատակ ունի՝ փոխել ամբողջ հայության անցյալը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Արամ Սոմունճյանը։
«Սահմանահատման կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու նպատակը ապագա սերունդների մտքից ազգային մեր իրավունքների հանդեպ պահանջը մոռացնելն է։ Ինչ վերաբերում է «Իրական Հայաստան» ասվածին, ապա պետք է նշեմ՝ ինձ համար մեկ Հայաստան գոյություն, որ ունի մի քանի հազար տարվա պատմություն՝ իր լավ և վատ օրերով։ Իսկ ազգային պատկերները հեռացնելով՝ նպատակ ունեն ամբողջ հայության անցյալը փոխել։ Ապագա սերունդը չպետք է մոռանա իր անցյալը, չպետք է մոռանա Արարատ լեռան կարևորությունը մեզ համար, մեր պատմության համար, չպետք է մոռանա Թուրքիայի և Ադրբեջանի արածները»,- նշել է Սոմունճյանը։
Նրա խոսքով՝ Լիբանանում հայ երեխաները սովորում են թե՛ Արցախի պատմությունը և թե՛ Արցախի հայկական լինելու մասին։
«Մեզ համար Արցախի հարցը, արցախահայության հարցը վերջացած չէ։ Մեզ համար Արևմտյան Հայաստանը ամբողջական Հայաստանի մեկ մաս է։ Այստեղ՝ Լիբանանի վարժարաններում աշակերտներին սովորեցնում են Հայոց պատմություն, այլ ոչ թե Հայաստանի պատմություն։ Հայաստանի պատմությունը հայոց պատմության մի մասն է։ Աշակերտները սովորում են, որ Արարատը պատմական Հայաստանի մասն է կազմում, որ այն մեզ համար սուրբ լեռ է, սովորում են Արցախի պատմությունը և Արցախի հայկական լինելու մասին»,- ընդգծել է Սոմունճյանը։