Լիբանանում հրադադարը լինելու է ժամանակավոր, այն չի ենթադրում «Հեզբոլլահ»-ի զինաթափում. Սերգեյ Մելքոնյան

27 Նոյեմբերի 2024, 20:30

Քաղաքականություն

Այսօր Լիբանանի ու Իսրայելի միջև հրադադար է հաստատվել: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է պ.գ.թ., արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ:

«Իսրայելը պատերազմ սկսեց Լիբանանի դեմ, որ ստեղծի այնպիսի պայմաններ, որ Իսրայելի հյուսիսում բնակվող քաղաքացիները կարողանան վերադառանալ իրենց տներ: Հիմա Իսրայելի հյուսիսում գրեթե մարդ չկա: Երբ խոսքը գնում է զինադադարի մասին, ապա Իսրայելը մի քայլ առաջ գնաց․ բնակիչներին հետ կբերեն իրենց բնակավայրեր: Երկրորդը՝ երբ խոսքը Լիբանանի մասին է, ապա այս ամենը շատ մեծ մարտահրավեր էր Լիբանանի համար՝ որպես պետություն, որովհետև խնդիրը հետևյալն է՝ արդյոք լիբանանյան բանակն ունակ է ապահովել անվտանգությունն այդ տարածաշրջանում ու կկարողանա իր վրա վերցնել այնպիսի պատասխանատվություն, որ «Հեզբոլլահ»-ը չամրապնդի իր դիրքերը»,- ասել է մեր զրուցակիցը:

Մելքոնյանի համոզմամբ՝ զինադադարը կարելի է համարել «Հեզբոլլահ»-ի թուլացումը:

«Երբ խոսքը գնում է «Հըզբոլլահի» մասին, ապա դա մասամբ նրանց թուլացումն է, որովհետև տարիներ շարունակ իրենք աշխատում են, որ ստեղծեն ենթակառուցվածքներ Լիբանանի հարավում ու փաստացի բոլոր ենթակառուցվածքները պիտի ապամոնտաժվեն: Պատասխանատուն լինելու է Լիբանանի ԶՈւ-ն:

Լիբանանի բանակը վերցնում է պատասխանատվություն. եթե «Հեզբոլլահ»-ը ստեղծի նոր դիրքեր Լիբանանի հարավում, կամ «Հեզբոլլահ»-ը ստանա նոր զենք-զինամթերք, Լիբանանը պիտի կասեցնի դա: Թե ինչքանով Լիբանանի բանակը ու պետական մարմինները ունակ կլինեն դրան, պարզ կլինի արդեն կարճ ժամկետում»,- նկատել է Սերգեյ Մելքոնյանը:

Նա ընդգծել է, որ զինադադարը օգուտ էր Լիբանանին, քանի որ խաղաղություն հաստատվեց:

«Լիբանանը զինադադարից օգուտ է քաղում այն առումով, որ ժամանակավոր խաղաղություն կհաստատվի, այսինքն՝ ակտիվ ռազմական գործողություններ, ըստ այս պայմանագրի, տեղի չեն ունենա: Հետևաբար՝ կարող ենք ասել, որ նաև Լիբանանի խորքում, ըստ այս պայմանագրի, Իսրայելը որևէ գործողություններ իրավունք չունի ծավալելու:

Եթե Իսրայելը տեսնում է խնդիրներ՝ կապված «Հեզբոլլահ»-ի հետ, ապա ինքը պիտի առաջինը տեղեկացնի Լիբանանի կառավարությանը ու ԱՄՆ-ին այդ մասին, իսկ միակողմանի որևէ գործողություններ չեն կարող ծավալվել: Բայց եթե Իսրայելը տեսնում է սպառնալիքներ ու խնդիրներ Լիբանանի հարավում, ապա սա իրավունք է վերապահում Իսրայելին, որ կարող է ակտիվ քայլերի դիմել»,- եզրափակել է Սերգեյ Մելքոնյանը:

Հիմա եթերում